Ուկրաինայի հյուպատոսը Սաակաշվիլիի հետ հանդիպում է խնդրում. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան խնդրում է Վրաստանին՝ Ուկրաինայի հյուպատոսին թույլ տալ հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության առիթով այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում էր Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Սանդրո Թոփուրիան:

Ըստ Նիկոլենկոյի, վրացի դիվանագետը ԱԳՆ-ին տեղեկացրել է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների և նրա նկատմամբ քրեական օրենսգրքի հոդվածների մասին, մինչդեռ ուկրաինական կողմն ընդգծել է Սաակաշվիլիի օրինական իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը:

Մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում վրացի դիվանագետը հաստատել է Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքային դիրքորոշումը: