Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է. ԵԽ

Եվրամիության խորհրդի (ԵԽ) երեկվա նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է:

Ըստ հայտարարության՝ Եվրամիության խորհուրդը Վրաստանին կոչ է անում շարունակել բարեփոխումների ուղին և այն առաջնահերթությունների լիարժեք իրականացումը, որոնք սահմանված են Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ՝ երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։

«Եվրամիության խորհուրդը տեղյակ է իր բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռնարկած կարևոր քայլերի մասին, որոնք նշվել են 2022 թվականի սեպտեմբերին ԵՄ-Վրաստան ասոցացման 7-րդ հանդիպման ժամանակ…

Խորհուրդը կենտրոնանում է Վրաստանի հետ ԵՄ ոլորտային համագործակցության հետագա խորացման վրա՝ հիմնված ԵՄ-Վրաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) ընդլայնված իրականացման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվի եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։