Ուկրաինայում ամերիկացի լրագրող է սպանվել

Ուկրաինայի Իրպին քաղաքում զոհվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենաուդը: Այս մասին հայտնել է Կիևի շրջանային ոստիկանության վարչության պետ Անդրեյ Նեբիտովը։ 

«Օկուպանտները նույնիսկ ցինիկաբար սպանում են միջազգային լրատվամիջոցների լրագրողներին, ովքեր փորձում են ճշմարտությունն ասել Ուկրաինայում ռուսական զորքերի դաժանության մասին։ Եվս մեկ լրագրող վիրավորվել է», — գրել է Նեբիդովը։ 

Նշվում է, որ լրագրող Բրենթ Ռենաուդը 51 տարեկան էր։ 

Ռենաուդը մինչև 2015-ը եղել է The New York Times-ի թղթակից: Ինչպես նշվում է, պատերազմական գոտում նա աշխատում էր որպես անկախ լրագրող և նախատեսել էր վավերագրական ֆիլմ նկարահանել։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է լրագրողի մահվան հանգամանքները։