Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը հետապնդման փաստով՝ Թերջոլայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցի ուսուցչին մեղադրանք է առաջադրել:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կատարած հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում Թերջոլայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հանրակրթական դպրոցի ուսուցիչը համակարգված կերպով ոչ մասնագիտական ​​և անցանկալի կապ է հաստատել իր գործընկերոջ հետ։ Մասնավորապես, մեղադրյալը տուժողին համառորեն խնդրել է սեռական հարաբերություն ունենալ, և, չնայած տուժողի կտրականապես մերժմանը, շարունակել է փորձել մտերմանալ նրա հետ։ Տուժողը ստիպված է եղել էապես փոխել իր սովորական կենսակերպը և որոշում կայացնել աշխատանքից երկար ժամանակ չվճարվող արձակուրդի գնալու մասին։

Դպրոցի ուսուցչին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 151 պրիմա հոդվածի առաջին մասով (հետապնդում, որն առաջացրել է տուժողի հոգեկան տառապանք և վախ՝ բռնության հանդեպ)։

Դատախազությունը դիմել է դատարանին՝ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկումը, և մեղադրյալին օրենքով սահմանված ժամկետում հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Բացի այդ, դեպքն ուսումնասիրելու և համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազությունը դիմել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համապատասխան ռեսուրս կենտրոն։