Ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում. Ի՞նչ պետք է իմանալ

Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհրդի սեպտեմբերի 28-ի նիստից հետո պարզ դարձավ, որ երկրի դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում՝ սկսած հոկտեմբերի 4-ից: Վրաստանի Կրթության ու գիտության նախարար Միխեիլ Չխենկելին թեմայի հետ կապված մանրամասներ է ներկայացրել: 

Այսպիսով, ըստ նախարարի, ուսումնական գործընթացը պետական ու մասնավոր դպրոցներում կմեկնարկի հոկտեմբերի 4-ին: Համալսարաններն ու քոլեջները ևս հնարավորություն ունեն ուսումնական տարին մեկնարկել լսարաններում: Ինչ վերաբերում է մանկապարտեզներին ու մանկական ժամանցային կենտրոններին, այստեղ ուսումնական գործընթացը ևս կվերսկսվի:

Դիմակ կրելը պարտադիր կլինի դպրոցի բոլոր աշակերտների համար: Մանկապարտեզների դեպքում՝ դիմակը պարտադիր չէ:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել աշակերտների ծնողներին պատվաստվել: Տնօրեններին ևս խորհրդատվություն է տրվել.

«Բոլոր տնօրենները պետք է իմանան, թե դպրոցներում իրենց աշխատակիցներից քանիսն են պատվաստված, քանիսն են վերջին կես տարվա ընթացքում կորոնավիրուս տարել, բոլոր տնօրենները պետք է հստակ ծրագիր ունենան, թե ինչպես պետք է պատվաստվեն չպատվաստված աշխատակիցները: Բացի այս, տնօրենները պետք է ուսումնասիրեն, թե իրենց աշակերտների ծնողներից քանիսն են պատվաստված: Դպրոցն անվտանգ է, երբ բոլորը պատվաստված են ու այդ թվում ՝ երեխայի ծնողներն ու տատիկ-պապիկներն էլ, եթե միասին են ապրում»,- նշել է Գամկղրելիձեն:

Հատկանշական է, որ դպրոցների դեպքում ծնողներն ունեն ընտրության հնարավորություն, երեխային ֆիզիկապես տանել դպրոց, կամ շարունակել ուսումն առցանց:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ի տվյալներով՝ մինչ օրս իրականացվել է 1 760 878 պատվաստում: Մեկ չափաբաժնով պատվաստվել է 975 028 մարդ, չափահաս բնակչության 34.3%-ը: Լիովին պատվաստվել է 785 850  մարդ, չափահաս բնակչության 27.5%-ը: