Ոչ ատելությանը. համերաշխության ցույց՝ ի աջակցություն Վիտալի Սաֆարովի ընտանիքի

Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում մեկնարկեց հրեական համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ, ակտիվիստ Վիտալի Սաֆարովի սպանության գործով առաջին դատական նիստը:

Այն ուղեկցվում էր դատարանի այգում հասարակական կազմակերպությունների ու անհատների կազմակերպած համերաշխության ցույցով` ի աջակցություն Սաֆարովի ընտանիքի անդամների: «Վրաստան. ատելության համար տեղ չկա» կարգախոսով անցկացվող ակցիայի մասնակիցները դատապարտում են ռասիզմն ու քսենոֆոբիան՝ նկատելով, որ բազմազգ Վրաստանը չի կարող ատելության երկիր լինել:

Ըստ իրավապաշտպանների 25-ամյա Սաֆարովին ազգայնական խմբավորման անդամներն ատելության հողի վրա սպանել են 2018 թվականի սեպտեմբերի 30-ին։

Սաֆարովը եղել է իրավապաշտպան, «Ներգրավվածության և զարգացման կենտրոնի» նախագծերի համակարգող, Tbilisi Shelter city-ի քեյս-մենեջեր, Sources of tolerance Caucasus և Small world ամառային ճամբարերի տնօրեն, իրավապաշտպանների համար Հաագայի միջազգային թրեյնինգ-կուրսի մարզիչ:

«Մեյդանը և ազատության հրապարակը (Թբիլիսիի կենտրոնում տարբեր ազգերի համակեցության թաղամասերը, որոնք նաև քաղաքի զբոսաշրջային կարևոր ուղղություններն են)՝ Վրաստանի մշակութային բազմազանության սիրտն այսօր զավթված է ազգայնականների կողմից», — ասում են ակցիայի կազմակերպիչները: