Ինչպես անել ու չանել բարեփոխում. Հայաստանը ծանոթանում է վրացական փորձին

ՀՀ ԱԺ պատգամավորներից, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կառավարության տարբեր գերատեսչությունների ու ՀԿ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը կրկին Թբիլիսիում էր՝ այս անգամ ուսումնասիրելու Վրաստանի հարկային ու մաքսային բարեփոխումների փորձը:

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ հայ-վրացական փորձի փոխանակման երրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ոլորտի փորձագետների հետ, ովքեր ինչպես նախաձեռնողն են եղել, այնպես էլ իրագործողները: Այց է կազմակերպվել Թբիլիսիի մաքսատուն: Արագության, քաղաքացիների հետ շփման տեսանկյունից Վրաստանի օրինակը կարելի է կիրառել Հայաստանում:

«Շատ կարևոր է ընդգծել, որ Վրաստանում բարեփոխումները քաղաքական փոփոխություններից հետո բավականին արագ են սկսել իրականացվել, ժամանակն օգտագործվել է օպտիմալ, փոփոխությունները կատարվել են զուգահեռ: Սա շատ կարևոր դաս է, որ գուցե պետք չէ սպասել մեկ բարեփոխման ավարտին ու դրա արդյունավետությանը, նոր սկսել այլ ոլորտի բարեփոխումը»,- ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:  

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի համար հատկապես տպավորիչ է Վրաստանում Մաքսային բարեփոխումների մոդելը. «Չափազանց կարևոր է բոլոր փոփոխությունների մանրամասն ուսումնասիրությունը, որպեսզի դու հնարավորինս զերծ մնաս իրականացված սխալներից ու դասեր քաղես առաջնահերթությունների տեսանկյունից: Այս առումով հետաքրքիր են մաքսային ոլորտի բարեփոխումները, ուր պետությունը մի շարք գործառույթներ, որպես բիզնեսի աջակցության գործառույթ, իրականացնում է, և դա բերել է նրան, որ քաղաքացու հետ շփումը նվազագույն ժամկետի հասցվի»:

Հայկական  պատվիրակության համար ընդունելի է և օրինակելի է հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Վրաստանի ունեցած փորձը: ՀՀ փոխվարչապետի խորհրդական Զարուհի Մաթևոսյանի գնահատմամբ՝ մաքսային ու հարկային ոլորտում Վրաստանի կատարած բարեփոխումներն ու հայկական տեսլականը 80 %-ով համընկնում են. «Որպես տպավորիչ բաղադրիչ ուզում եմ շեշտել տեխնիկական առաջադրանքները կոնկրետացնելու անհրաժեշտությունը, որն այսօր մեր երկրում ըստ էության գնահատում եմ ոչ բավարար մակարդակի վրա, այսինքն երբ մենք հայտարարում ենք որևէ ապրանքի կամ ծառայության գնում, դրա ոչ բավարար նկարագրության հետևանքով երբեմն չենք ստանում այն, ինչ ակնկալում էինք»: 

Սա նմանօրինակ արդեն երրորդ այցն է Վրաստան, առաջին այցի շրջանակներում վրաց գործընկերները ներկայացրել են արդարադատության, դատաիրավական ոլորտի  փոփոխությունները: Երկրորդ այցը ոստիկանության ու անվտանգության համակարգի բարեփոխումներն են ներառել: