Երեկվա օրը համառոտ. ապրիլի 7

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

Թբիլիսիի Թեմքայի կիրճի (ներկայիս՝ Զղվիս ուբանիում) կազմակերպման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը, InterPressNews-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) Magticom, Silknet, «Ախալի քսելեբի» և «Վրաստանի կենտրոնական կապի կորպորացիա» ընկերությունների բողոքների հիման վրա տուգանել է վեց հեռարձակողի՝ յուրաքանչյուրին խորհրդանշական 100-ական լարիով։

Ժնևում կայացած միջազգային բանակցությունների հերթական՝ 57-րդ փուլում, տարբեր խնդիրներին զուգահեռ, մասնակիցները Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունից պահանջել են աբխազական անձնագրերով տարբեր երկրներ ճանապարհորդելու հնարավորություն տալ։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին քննադատել է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման տրամադրման և կասեցման նոր կանոնակարգն ու խորհրդարանի նախագահին կոչ է արել նոր կանոնակարգում փոփոխություններ կատարել։

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը ապրիլի 7-ին փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։

«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է խորհրդարանի կողմից «Ֆորմուլա», TV Pirveli և «Մթավարի արխի» հեռուստաալիքների լրագրողների և օպերատորների հավատարմագրման կասեցումը։

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի տվյալներով, 5-րդ սերնդի շարժական ինտերնետի՝ այսպես կոչված 5G-ի ներդրման համար անհրաժեշտ աճուրդն անցկացնելու հանրային խորհրդակցությունները սկսվել են:

Թբիլիսիի Քեթևան Դեդոփալիի պողոտայում շարունակվող վերակառուցման աշխատանքների պատճառով մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ երթևեկությունը կսահմանափակվի:

Ապրիլի 6-ին Վրաստանի խորհրդարանը կասեցրել է քննադատական 3 լրագրողների և լրատվամիջոցների 2 օպերատորների հավատարմագրումը։