Առողջության մասին իրազեկվածության բարելավումն առաջնահերթ է կամավորների համար

Առողջության միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի և Ադիգենիի կամավորական ակումբներում անցկացվեց «Կամավորների լիգա» կրթական մրցույթ-վիկտորինա առողջության թեմայով։ Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ երիտասարդների համար արդեն իսկ իրականացվել են այլ միջոցառումներ` հիգիենայի, առողջ ապրելակերպի, իմունիզացիայի, ջրի գործածման հետ կապված խնդիրների թեմաներով:

Ապրիլի 7-ին տեղի ունեցած մրցույթ-վիկտորինայի շրջանակներում երիտասարդները բաժանվել են երեք հոգանոց թիմերի, և հաղթող է ճանաչվել ամենաճիշտ պատասխաններ տված 3 թիմ։

Կամավորական ակումբները բացվել են Միջազգային Helping hand հասարակական կազմակերպության աջակցությամբ, նախագծի կազմակերպմանն աջակցել են նաև Ադիգենիի և Ախալքալաքի քաղաքապետարանները։

Ադիգենիի կամավորական ակումբի ղեկավար Թաթիա Մսխվելիձեն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում  ընդգծեց, որ շատ կարևոր է համարում նմանատիպ նախագծերի իրականացումը։

«Մասնավորապես, մեր նախագիծը վերաբերում է երիտասարդների շրջանում առողջության համար անհրաժեշտ խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը, և նմանատիպ նախագծերը կնպաստեն երիտասարդների զարգացմանն ու ակտիվացմանը։ Ծրագրի միջոցով փորձեցինք հասարակությանը տեղեկություն տալ, նախ, կամավորության, ապա` առողջությանը նպաստող գործոնների մասին», — պատմեց կամավոր աղջիկը։

Ըստ Մսխվելիձեի` կամավորությունն իսկապես առնչվում է առողջությանը, ինչը հաստատում է առողջ ապրելակերպի հետ կապված իրենց կամավորական գործունեությունը։

«Ես և շատ կամավորներ կամավորության սկզբունքով մեր հասակակիցներին ներկայացրինք առողջական խնդիրների մասին ստացած տեղեկատվությունը, քանի որ հաճախ Վրաստանի մարզերում այս թեմայով շատ քիչ են խոսում։ Ունենալով այնպիսի փորձ` ինչպիսին էր պանդեմիան, ձգտում ենք ավելի կիրթ ու առողջ ապրելակերպով ապրող հասարակության ստեղծմանը նպաստել»,- ասաց Ադիգենիի կամավորական ակումբի ղեկավար։

Helping hand ՀԿ-ի տնօրեն Թինաթին Մեսխին «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշեց` իրենց համար կարևոր էր, որ Առողջության միջազգային օրն ակտիվորեն նշվի նաև Սամցխե-Ջավախեթիում․

«Ընդհանրապես շատ եմ կարևորում կամավորության զարգացումը մարզերում. մեր կամավորական ակումբներն արդեն շատ ակտիվորեն ներգրավված են կամավորական աշխատանքներում Սամցխե-Ջավախեթիի մարզում, հատկապես Ախալքալաքի և Ադիգենիի ակումբները: Կարևոր է նաև, որ երիտասարդները նման միջոցառումներ անցկացնեն ՏԻՄ-ի հետ համագործակցությամբ, և ուրախալի է, որ կամավորները սերտորեն համագործակցում են քաղաքապետարանների հետ», — ասաց Մեսխին։

ՀԿ-ի տնօրենը հավելեց, որ շատ կարևոր է, որ երիտասարդները կարողանան տեղական մակարդակով խնդիրները ներկայացնել որոշում կայացնողներին և աջակցություն ստանալ դրանց լուծման գործում, և բացառություն չեն նաև առողջապահության ոլորտի խնդիրները։