Վրաց ժողովուրդը գիտակցում է անկախության գինը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Շնորհավորական նամակում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ասվում է, որ Վրաստանի ժողովուրդը խորապես գիտակցում է անկախության, ազատության և ժողովրդավարության գինը։

Ուղերձում նշվում է՝ չնայած Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը և Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացմանը՝ վրաց ժողովուրդը եվրաատլանտյան ապագայի համար դրսևորում է անսասան վճռականություն։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մենք ճանաչում և դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ներառյալ 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և շարունակվող օկուպացիան։ Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է Բլինքենի նամակում:

Բլինքենն ընդգծել է՝ երկկողմ հարաբերությունների 31 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Վրաստանի ջանքերին՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և բարեկեցիկ ապագա կառուցելուն:

«Մեր երկրները նաև միասին աշխատել են Վրաստանին, տարածաշրջանին և աշխարհին կայունություն և խաղաղություն բերելու համար։

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ օգնելու Վրաստանին կառուցել անվտանգ, բարգավաճ, եվրոպական ժողովրդավարություն, որը ցանկանում են նրա քաղաքացիները, որին այդքան արժանի են», — նշված է Բլինքենի շնորհավորական ուղերձում:

Այսօր Վրաստանում նշվում է առաջին հանրապետության անկախության օրը։ 

1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։

Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։

Վրաստանի անկախության հռչակումից 105 տարի է անցել․ պատմաբանի դիտարկումները