Վրաստանի անկախության հռչակումից 105 տարի է անցել․ պատմաբանի դիտարկումները

Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանը նշում է առաջին հանրապետության ստեղծման օրը։ Ուղիղ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։ Մայիսի 26-ը երկրում նշվում է որպես ազգային տոն։

Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։

Վրաստանի անկախության հաստատման նախապատմությունը «Ալիք Մեդիային» ներկայացրեց պատմաբան, Կովկասի համալսարանի դասախոս, Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի անդամ Իրակլի Իրեմաձեն։

«Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի մեծ կայսրությունների, հատկապես Օսմանյան, Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի կայսրությունների տեղում սկսեցին առաջանալ այպիսի հանրապետություններ, որոնք վերջին մեկ դարում անկախություն չունեին, Վրաստանի անկախության ընդունումն այս կոնտեքստի շարունակությունն է», — նշում է պատմաբանը։

Իրեմաձեն ընդգծում է, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանը հռչակեց իր անկախությունը։ Նրա խոսքով՝ այդ պահին կային շատ ռիսկեր,  քաղաքացիական պատերազմի սկսման վտանգը մեծ էր, հետևաբար Վրաստանին անհրաժեշտ էր Գերմանիայի աջակցությունը․

«Վրաստանն այդ պահին կանգնած էր բազում մարտահրավերների առջև, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ Վրաստանը, ինչպես և հարևան երկրները, առաջին աշխարհամարտից հետո տնտեսապես անկայուն վիճակում էր։ Նորանկախ հանրապետության արտաքին վտանգը Օսմանյան կայսրությունից էր և Ռուսաստանից․ անկախության ընդունումից հետո Վրաստանի համար մարտահրավեր էր ժողովրդավար հանրապետության կառուցումը, քանի որ մենք մինչ այդ հանրապետություն չէինք ունեցել»։

Այդ ժամանակ Վրաստանն ուներ նաև կարևոր ռեսուրս, ասում է Իրակլի Իրեմաձեն և պարզաբանում․ «Չնայած նրան, որ չգիտեինք ինչպես ստեղծել ժողովրդավար երկիր, այն գործիչները, ովքեր կառավարության գլուխ էին կանգնած, ունեին գաղափարներ․ նրանք ուզում էին լավ կրթական ու դատաիրավական համակարգ, ինչը կարևոր էր այդ պահին հաղթահարելու վերոնշյալ մարտահրավերները»։

Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին:

Պատմաբանը նշում է, որ մեկ դար առաջվա իրականությունն ունի որոշ ընդհանրություններ այսօրվա հետ, երկու դեպքում էլ երկրի կառուցման մարտահրավերները շատ են․

«Հատկանշական է, որ 105 տարի առաջ կարողացել են երկու տարվա ընթացքում անել շատ կարևոր բարեփոխումներ։ Այսօր երկիրը կրկին ունի բարեփոխումների կարիք։ Ցավոք, սակայն, տարիներ առաջվա մեր փորձը շատ անգամ չի գործածվում այսօրվա քաղաքական գործիչների կողմից»։

1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե է անցկացրել հետևյալ հարցով. «Համաձա՞յն եք 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության ակտի հիման վրա Վրաստանի պետական ​​անկախության վերականգնմանը»։ Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ է արտահայտվել Վրաստանի անկախության վերականգնմանը։

Նշենք, որ երկրի տարբեր պետական ​​գերատեսչություններ օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացնում 16 քաղաքներում։

Անկախության օրվա միջոցառումների ցանկն ըստ քաղաքների՝ այստեղ: