«Վրացական երազանք»՝ 24%, «Ազգային շարժում»՝ 9%. NDI

Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) հերթական հարցումն է անցկացրել Վրաստանում, ըստ որի` բնակչության մեծամասնությունը (50 տոկոսը) չգիտի կամ չի նշել, թե որ կուսակցությունն է առավել մոտ իր հայացքներին: Հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 13-ը։

Այս հարցման արդյունքներով լավագույն ցուցանիշն ունի «Վրացական երազանքը»։ Հարցվածների 24 տոկոսն այն համարել է իր տեսակետներին ամենամոտ կուսակցություն։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային շարժումը» 2,5 անգամ ցածր (9%) արդյունք ունի։

«Չկողմնորոշված» քաղաքացիների մեծամասնությունը 18-ից 34 տարեկան անձինք են։ Այս տարիքային խմբում «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 18 տոկոսը, «Ազգային շարժումը»՝ 10 տոկոսը։

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չեն գործում իրենց շահերից ելնելով: Ուսումնասիրության համաձայն՝ ընդդիմությունն ավելի շատ բացասական ցուցանիշ ունի: