«Վրացական երկաթուղիների» աշխատակիցները գործադուլ են ծրագրում

«Վրացական երկաթուղիների» աշխատակիցները հնարավոր է օգոստոսի 10-ից գործադուլ սկսեն: Ընկերության նոր արհմիության ղեկավարի տեղակալ Իլիա Լեժավան տեղեկացրել է, որ գործադուլին հնարավոր է մասնակցի 4800 աշխատակից:

Նրա խոսքով աշխատակիցները տարիներ շարունակ պահանջում են աշխատավարձի բարձրացում, սակայն երկաթգծի ղեկավարությունը քայլ չի անում այդ ուղղությամբ, աշխատավարձն ընկերությունում չի անցնում 1000 լարիից:

Արհմիության ղեկավարը ընդգծում է, որ ընկերության վարչակազմին վերջնագիր են ներկայացրել մինչև օգոստոսի 10-ը, նույ ն օրը արհմիության նիստ կհրավիրվի՝ որոշելու գործադուլ սկսելու հարցը:

«Օրինակ, գլխավոր տնօրենի աշխատավարձը 15 հազար լարի է, նա ունի 6 տեղակալ, 7 խորհրդատու, որոնց աշխատավարձը 4 հազարից է սկսվում: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն»,- ասել է Լեժավան:

Հատկանշական է, որ արձագանքելով հնարավոր գործադուլի մասին հարցին, «Վրացական երկաթուղիների» ղեկավար կազմից հայտարարել են, որ արհմիությունը պոպուլիստական հայտարարություններ է անում: