«Վրացական քայլերթը» խոստացել է տապալել ֆիլմի ցուցադրությունը

«Վրացական քայլերթի» բողոքի ակցիան սկսվելու է ժամը 16:00-ին։ Կազմակերպության առաջնորդներից Սանդրո Բրեգվաձեն ասել է, որ իրենց կողմնակիցները հավաքվելու են Թբիլիսիի ֆիլհարմոնիայի մոտ ու խաղաղ բողոքի ակցիա են անելու՝ «Ամիրանի» կինոթատրոնում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի դեմ։

Ակտիվիստները «կենդանի շղթա» են կազմելու կինոթատրոնի մոտ ու  «ամոթի միջանցք» բացեն՝ թույլ չտալով դիտողներին մտնել ցուցադրության։

«Մեր ակցիան համասեռամոլության քարոզի դեմ է։ Մենք երաշխավորում ենք, որ ցուցադրությունը չի կայանալու։ Մենք գործելու ենք բացարձակ խաղաղ», — ասել է Բրեգվաձեն։ Նույն ակցիան անցկացվելու է նաև Բաթումիում։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին Թբիլիսիում և Բաթումիում վրաց-շվեդական «Իսկ հետո մենք պարեցինք»  (And Then We Danced) ֆիլմի առաջնախաղն է։ Երկու քաղաքում էլ բոլոր տոմսերը վաճառված են։ Վրաց  միասեռական զույգի պատմությունը ներկայացնող ֆիլմը բազմաթիվ քննադատությունների առիթ է տվել։