Երեկվա օրը համառոտ. փետրվարի 16

2022-2023 ուսումնական տարվա Ազգային կրթական օլիմպիադայի երրորդ՝ եզրափակիչ փուլը կմեկնարկի մարտի 8-ին։ Մասնակցության համար դպրոցներին կուղարկվի հրավեր, որը դպրոցը կփոխանցի աշակերտին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրենդե Մարլասկային: Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Գերմանիա:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան «աշխատանքային այցով» գտնվում է Մոսկվայում:

Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է նշել Նովրուզ Բայրամը։ Տոնի հետ կապված միջոցառման կազմակերպման նպատակով ծառայությունների գնման համար ՏԻՄ-ը հայտարարել է 85 հազար 485 լարիի մրցույթ։

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեյցարական Credit Suisse Group AG բանկը վրացի միլիարդատեր և նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին վճարել է 210 միլիոն դոլար։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիան արգելափակում է նախաձեռնությունը, որով Եվրամիությունը պետք է դիվանագիտական ​​բողոք հայտնի Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի պատճառով։

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկա Գվարամիային ազատ արձակելու պահանջով շարժում է ձևավորվել:

2022 թվականին Վրաստանի բանկերում նոր հաշիվներ են բացել Ռուսաստանի 109 հազար 955 քաղաքացիներ:

Խորվաթիայում կայացած քիքբոքսինգի Եվրոպայի գավաթի մրցաշարը հաջող է անցել Վրաստանի մարզիկների համար։

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի և Գարդաբանիի շրջաններից Վրաստանի խորհրդարանում մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին 2022 թվականին միայն մեկ անգամ է օգտվել խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաիա Յուկնևիչենեն սոցցանցում արձագանքել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին:

Վրաստանում առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը գուցեև վերանայվի:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ 6 երկրներից։

ԱՄՆ-ը Վրաստանի խորհրդարանում ներառված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության հիմք է համարում և հերքում է, որ վերջինս նման է ամերիկյան օրենքներին, փետրվարի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։