Վրացի վարորդները հարևան երկրներից են դիզվառելիք գնում

Դիզվառելիքի թանկացման պատճառով վրացական փոխադրամիջոցները լիցքավորվում են հարևան երկրներում: Տեղեկացնում է Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնը։

Դիզվառելիքի թանկացման պատճառով վրացական փոխադրամիջոցների մատակարարման համար ձեռնտու չեն տեղական լցակայանները, դա մեծացրել է լոգիստիկ ծախսերը՝ դրդելով բեռնափոխադրող ընկերություններին դիզվառելիք գնել հարևան երկրներից (Ադրբեջանից, Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից):

Կենտրոնը համեմատության համար նշում է, որ Ադրբեջանում դիզվառելիքի արժեքը կազմում է 1,22 լարի (0,46 դոլար), Հայաստանում՝ 2,76 լարի (1,04 դոլար), Վրաստանում՝ 3,7 լարի (1,39 դոլար), Ռուսաստանում՝ 2,10 լարի (0,79 դոլար) իսկ Թուրքիայում՝ 2,9 լարի(1,09 դոլար)։

Դիզվառելիքի նման գնային տարբերությունը ստիպում է վարորդներին մեքենան լիցքավորել հարևան երկրներում։

Արդյունքում բնականաբար Վրաստանի տարածքում վաճառվող դիզվառելիքի ծավալը նվազում է, ինչի հետևանքով բենզինի ծավալը գերազանցում է դիզվառելիքի ծավալին, բայց իրականում պետք է հակառակը լինի։

Այս ամենը հանգեցնում է Վրաստանի բրենդային լցակայաններում վաճառքի նվազման, արդյունքում՝ գնի անընդհատ աճի։

Ի դեպ, այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ փետրվարին 1 լիտր բենզինի միջին գինը կազմում է 0,59 դոլար (1,56 լարի), իսկ դիզելային վառելիքը՝ 0,47 դոլար (1,25 լարի)։

Աննա Թորոսյան, ստաժոր

Տարածաշրջանում ամենաթանկ վառելիքը Վրաստանում է