Վրաստանը Ռուսաստանի հետ համեմատելն անընդունելի է. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գնահատականին:

«Բացարձակապես անընդունելի է Վրաստանը համեմատել Ռուսաստանի հետ։ Խոսքն այն ավտորիտար ռեժիմի մասին է, որը Ռուսաստանում է, որտեղ ժողովրդավարության մասին խոսք չկա։ Ցանկացած օրենք կարող է վատ կիրառություն ստանալ վատ ռեժիմի կողմից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նշենք, որ ԱՄՆ-ն Վրաստանի խորհրդարանում շրջանառվող «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության հիմք է համարել՝ հերքելով պնդումները, թե այն նման է ամերիկյան օրենքներին, փետրվարի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հիշեցնենք նաև, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը նախաձեռնել է «Ժողովրդի ուժը» շարժումը, որն անցյալ տարի ստեղծել են իշխող «Վրացական երազանքը» լքած պատգամավորները։

Ըստ այդ փաստաթղթի`

  • «Օտարերկրյա ազդեցության գործակալներ» են համարվում.
    բոլոր ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք, ներառյալ բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը «օտար ուժերից» է ստացվում։
  • Հեռուստաընկերությունները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստացվում է «օտար ուժերից» (գովազդը չհաշված),
  • Զանգվածային լրատվության միջոցները, ներառյալ թերթերը և առցանց լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ստացվում է «օտար ուժերից» (ներառյալ գովազդը):