Վրաստան է մուտք գործել 90 հազար ՌԴ քաղաքացի

Հունիսին Վրաստան է մուտք գործել 90 հազար 239 Ռուսաստանի քաղաքացի, ինչը 503 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վրաստան մուտք գործած օտարերկրացիների 23 տոկոսը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները։

Ընդհանուր հաշվով հունիսին Վրաստան է այցելել 387 հազար 781 միջազգային այցելու, ինչը 164 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, թեև այս թիվը 47 տոկոսով պակաս է, քան նախահամաճարակային ժամանակահատվածում, ինչը նշանակում է, որ Վրաստանում զբոսաշրջիկների թիվը վերականգնվել է 53 տոկոսով։

Վրաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների շրջանում Ռուսաստանին հաջորդում է Թուրքիան․ երկիր մուտք է գործել 62 հազար 192 Թուրքիայի քաղաքացի, նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 110 տոկոս։

Իսկ երրորդ հորիզոնականում, վիճակագրության համաձայն, Հայաստանի քաղաքացիներն են, հունիսին Վրաստան է այցելել 61 հազար 974 Հայաստանի քաղաքացի, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 365 տոկոս աճ։