Պատվաստվել և դիմակ կրել. իմունոլոգի կոչը

Վրաստանի իմունականխարգելման խորհրդի նախագահ Իվանե Չխաիձեն բնակչությանը կոչ է արել կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացմանը զուգահեռ դիմակ կրել։

Իմունոլոգի խոսքով, այս փուլում սա միայն առաջարկություն է, սակայն, եթե շաբաթական դեպքերը կրկնապատկվեն, ապա խորհուրդը կարող է քննարկել փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորության հարցը։

Ըստ Չխաիձեի՝ Omicron-ի նոր շտամը 20 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամները, իսկ մեկ վարակված անձը վարակում է միջինը 10-12 մարդու. հենց նոր շտամի այս հատկանիշն է պատճառ դարձել, որ վերջին ամսվա ընթացքում օրական նոր դեպքերի թիվը մոտ 5 անգամ ավելացել է։

Չխաիձեն նշել է՝ վիրուսի տարածումը կանխելու համար մարդիկ դեռ պետք է հետևեն այն կանոններին, որոնց հետևում են կորոնավիրուսի համավարակի սկզբից՝ հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորություն, կրել դիմակ և ձեռնպահ մնալ հանրային հավաքույթների գնալուց՝ հատկապես փակ տարածքներում:

Բացի այդ, կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար Չխաիձեն բնակչությանը կոչ է արել պատվաստվել:

Աշնանը կորոնավիրուսի պիկ է սպասվում