Աշնանը կորոնավիրուսի պիկ է սպասվում

Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային զբոսաշրջային սեզոնն է, Վրաստանում  կորոնավիրուսի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը։

Ըստ ինֆեկցիոն կենտրոնի հաղորդագրության, եթե նախկինում օրական միջինում 100 նոր դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։

«Եթե ցանկանում ենք պահպանել կայուն կորոնավիրուսային համաճարակային իրավիճակը, մենք պետք է զգոն լինենք, շարունակենք ակտիվ պատվաստումները՝ ներառյալ խթանող չափաբաժինները, չնայած կանոնակարգերն այլևս չեն պահանջում դիմակ կրել, օգտագործենք դիմակը հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում և մարդաշատ վայրերում», — նշված է հաղորդագրության մեջ։

Ինֆեկցիոն կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին վիրուսով վարակման ախտանիշներ նկատելուն պես անցկացնել կորոնավիրուսի թեստ, իսկ վիրուսի հաստատման դեպքում՝ ուշադիր հետևել բժշկի խորհուրդներին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 5-ին, Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, ցանկալի է` «խթանիչ» (բուստեր) դեղաչափով, քանի որ վերջին երեք շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում, նաև Վրաստանում, աճել է վիրուսով վարակվածների թիվը: