Քննարկում խորհրդարանում՝ ԵՄ-ի պայմանների իրականացման շուրջ

Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական ընդդիմության մի մասի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է Վրաստանի համար Եվրամիության տրամադրած 12 կետից բաղկացած առաջարկությունների իրականացման ծրագիրը։

Հանդիպմանը մասնակցել են «Լելո», «Միացյալ ազգային շարժում», «Վրաստանի համար» և «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» կուսակցությունների ներկայացուցիչները, պատգամավորներ Թամար Կորձայան, Տակո Չարկվիանին, Արմազ Ախվլեդիանին և Շալվա Շավգուլիձեն։

«Լելոյի» անդամ Անա Նացվիլիշվիլին հայտնել է, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել են, թե ինչ պետք է անել Եվրամիության սահմանած 12 կետերը կատարելու համար։ Նրա խոսքով, ՀԿ-ների կողմից ներկայացված տեսլականը իրականացնելու այս 12 կետերը, մեծապես համընկնում է իրենց կուսակցության ծրագրի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Transparency international — Վրաստան կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Օնիանին։

«Շատ կառուցողական հանդիպում էր։ Ընդդիմադիր կուսակցությունների կողմից մեծ հետաքրքրություն կար, և կարծում ենք՝ իրական հեռանկար կա, որ շուտով կհասնենք ԵՄ թեկնածուի կարգավիճակին։ Սրանք շատ պարզ, նվազագույն պահանջներ են, որոնք մեզ համար բավարար կլինեն թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, և դա բացարձակապես հնարավոր է 6 ամսվա ընթացքում»,- ասել է Գիորգի Օնիանին։

Կարդացեք նաև՝

Փորձագիտական դաշտը՝ ԵՄ թեկնածություն չստանալու վերաբերյալ