Պահանջում են ՌԴ քաղաքացիների վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի քաղաքացիների` դեպի Վրաստան հնարավոր զանգվածային գաղթի մասին։

Կուսակցության պնդմամբ՝ անհրաժեշտ է շտապ վերանայել ՌԴ-ի քաղաքացիների այցելությունների ռեժիմը և մեկ տարվա առանց վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս։

«Տարածաշրջանի ամենաբարդ իրավիճակի պատճառով՝ Վրաստանում, որի 20 տոկոսը օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը, անհնար է, որ միգրացիոն ռեժիմը լինի այնպիսին, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։

Այսօր Վրաստանը կանգնած է հատուկ ռիսկերի առաջ, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից։ Վրաստան եկող այլ երկրների քաղաքացիները կարող են տարբեր նպատակներ ունենալ։

Պետք է տարբերակել նրանց, ովքեր Վրաստան են մտել զբոսաշրջային նպատակով (որի համար բացարձակապես բավարար է առանց վիզայի 1-3 ամիս ժամկետը) և այլ նպատակներով»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցությունը նշել է, որ Ռուսաստանից Վրաստան եկած մարդկանց մի զգալի մասը հաստատվում է Վրաստանում, անշարժ գույք է գնում, բիզնես գրանցում։

Ըստ նրանց՝ անվտանգության ռիսկերի հետ մեկտեղ, երկրում կան ժողովրդագրական խնդիրներ՝ աննախադեպ մեծ թվով Վրաստանի քաղաքացիներ կլքեն երկիրը։

«Նշված խնդիրն առավել կարևոր է այն առումով, որ մենք տեսանք ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որը ևս մեկ անգամ հստակ հաստատեց Ռուսաստանի իմպերիալիստական ​​նպատակները: Իշխանությունը բացահայտ հարձակումներ է իրականացնում մեր երկրի խաղաղության և կայունության երաշխավորի` արևմտյան գործընկերների վրա: Երկրում ռուսական բացահայտ քարոզչություն են իրականացնում առանձին ռուսամետ խմբեր, որոնց աջակցում է կառավարությունը»,- նշել են կուսակցությունից:

Պահանջում են վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար