Վրաստանում ուկրաինացի փախստականների բնակեցման հարցը կլուծվի․ դեսպան

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ դեսպանությունն ակնկալում է, որ հունիսի 1-ից կլուծվի Վրաստանում ուկրաինացի փախստականների տեղավորման հարցը։

Կասյանովն այսօրվա ճեպազրույցում խոսելով Վրաստանի տրամադրած օգնության մասին, ընդգծել է, որ Վրաստանը մարդասիրական օգնության տեսքով 1000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ավելի քան 2 մլն լարի է փոխանցվել դեսպանատան հատուկ հաշվեհամարին՝ տարբեր արժույթներով։ Այդ միջոցներով դեսպանատունը բժշկական սարքավորումներ և այլ օգնություն է ուղարկել Ուկրաինա։

«Մենք երախտապարտ ենք, որ Վրաստանը կշարունակի աջակցել ուկրաինացի փախստականներին ընդունելու և տեղավորելու հարցում, ինչի համար Վրաստանի կառավարությունը 7 միլիոն դոլար է հատկացրել։

Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կառավարության կողմից համապատասխան որոշումներ կկայացվեն, ուկրաինացի փախստականներին Վրաստանում տեղակայելու հետ կապված այլևս խնդիրներ չեն լինի, դա ակնկալում ենք 2022 թվականի մինչև հունիսի 1-ը»,- ասել է Կասյանովը՝ նաև շնորհակալություն հայտնելով կրթության և գիտության նախարարությանը՝ Թբիլիսիի և Բաթումի դպրոցներում ուկրաինացի երեխաների համար ուկրաինալեզու ուսումնական բաժիններ բացելու համար։

Դեսպանի պաշտոնակատարի խոսքով, այսօր Վրաստանում կա մոտ 20 հազար ուկրաինացի փախստական, որոնցից ավելի քան 5 հազարը անչափահաս են։