Վրաստանում մոտ 300 հյուրանոց չի կարողացել աշխատանքի անցնել նոր պահանջներով

Վրաստանում 1 675 հյուրանոցներից Առողջապահության նախարարության պահանջները բավարարել հաջողվել է միայն 459-ին: 

 Ըստ Վրաստանի զբոսաշրջության գործակալության տվյալների՝  հունիսի 24-ի դրությամբ Առողջապահության նախարարությունում 1 675 հյուրանոց է գրանցում անցել տնտեսական ակտիվությունը վերականգնելու համար: Ստուգումներ տարվել են 1 331 հյուրանոցում, 459-ը համապատասխանել է պահանջներին ու աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստացել,  291 հյուրանոց չի բավարարել ԱՆ-ի պահանջները, իսկ 581-ը դեռ պատաստ չի եղել ստուգման ու հավելյալ ժամանակ է խնդրել:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ նոր պահանջները ներառում են սոցիալական հեռավորություն, ախտահանում, տարածքի մաքրման նոր կանոններ և այլ կարգավորումներ: Հյուրերը ներսում պետք է դիմակներով լինեն ու հեռավորություն պահեն: Հյուրանոցային ռեստորաններում նույնպես 2 մետր հեռավորության պահպանումը պարտադիր է. մեկ սեղանի շուրջ նստելու իրավունք ունի առավելագույնը 6 մարդ:

Ստուգումների ամենախիստ ուշադրությունն ուղղված է սննդի կետերին, համարների և լողավազանների մաքրմանը: