Վրաստան-Ղազախստան կանոնավոր թռիչքներ․ վարչապետ

Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը վրացական ավիաընկերություններին կոչ է արել կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Ղազախստան՝ նշելով, որ չվերթերը դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների վրա։

«Գիտեք, որ այս տարվա հունիսի 1-ից սկսվել են ուղիղ չվերթերը մեր երկրների մայրաքաղաքների միջև։ Կոչ ենք անում վրացական ավիաընկերություններին կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Ղազախստան։ Համոզված ենք, որ դա դրական կանդրադառնա գործարար երկխոսության, ժողովուրդների միջև հարաբերությունների, ինչպես նաև զբոսաշրջության վրա»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ղազախստանի վարչապետը։

Նրա խոսքով, վարչապետների հանդիպմանը տրանսպորտային հարցերին զուգահեռ քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Թբիլիսին և Աստանան՝ Եվրոպան Ասիային կապող օղակ