Վրաստան-Հայաստան հարաբերությունները պատահական չեն, այլ ստրատեգիական. այդպիսին են եղել միշտ. ՀՀ 1-ին նախագահ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը հունիսի 10-ին ունեցած ասուլիսում, անդրադարձել է հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Տեր-Պետրոսյանն ասել է, որ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պատահական չեն, այլ ստրատեգիական են եղել միշտ:

 «Վրաստանը և Իրանը մեր բարեկամ ժողովուրդներն են: Թեկուզ քաղաքական առումով`թե  Իրանին, թե Վրաստանին ձեռնտու է, որ Հայաստանն ուժեղ պետություն լինի: Վրաստանի հետ արդեն 3 հազար տարվա հարևաններ ենք, մեկ պատերազմ է եղել մեր մեջ 1920 թվականին մենշևիկների և դաշնակցության միջև` Լոռիի համար: Լոռին այն ժամանակ պաշտոնապես գտնվում էր Վրաստանի կազմում, և այդ պատերազմում հայերը, կարելի է  ասել հաղթանակ տարան: Հսկայական մի հողատարածք` մինչև Մառնեուլի շրջան կարողացան վերականգնել: Ինչքան էլ կենցաղային  հողի վրա իրար ծաղրեն, նախանձեն, սրանք հավերժական բաներ են, չեն փոխվում: Չի խոսվում, չի ասվում, բայց երկու ազգերի մեջ էլ բնազդաբար գոյություն ունի: Չգիտեմ` պատմել եմ Շևարդնաձեի մասին, թե չէ: Երբ արդեն Վրաստանում լրիվ քաոս էր, ժողովուրդը հիասթափվել էր բոլոր հեղափոխականներից, զինված ջոկատներից և այլն, միահամուռ կերպով որոշեցին Շևարդնաձեին հրավիրել Վրաստանի նախագահի պաշտոնում: Շևարդնաձեն Մոսկվայում էր: Մի օր զանգ եմ ստանում, թե Լևոն Ակոպովիչ, այսպիսի առաջարկ եմ ստացել իմ ժողովրդի կողմից, պարտավոր եմ դրան արձագանքել, բայց մի պայմանով, եթե Հայաստանն այդ բանը ողջունում է: Ես ասացի` ես ձեզ 100 տոկոսով երաշխավորում եմ, Հայաստանի  կողմից Վրաստանի նկատմամբ որևէ պրոբլեմ չի ստեղծվի: Ասաց` այդ էի ուզում լսել: Մի երկու օր հետո եկավ-դարձավ թագավոր»:  

Տեր-Պետրոսյանն ասել է` քանի իշխանություն էլ փոխվել է Վրաստանում, որևէ մեկի հետ Հայաստանի հարաբերությունները բացարձակապես չեն փչացել: Որովհետև, թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը զգում են` որքան կարևոր է  բարեկամությունը: