«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

ԱԽԱԼՔԱԼԱՔԻԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Ինչպես տեղեկացրել է Ախալքալաքիի քաղաքապետարանը, տեղական բյուջեից գումար է հատկացվել ամորտիզացված փողոցների արտաքին լուսավորության տեղադրման եւ փոսային վերանորոգման համար:
«Առանձին հատվածներում ամբողջությամբ փոխվել է ասֆալտի ծածկը։ Վերանորոգվել են քաղաքի կենտրոնական եւ հարակից փողոցները, որտեղ երթեւեկությունը անհարմարություն է պատճառել հետիոտներին։ Իրականացված աշխատանքների շրջանակներում էապես փոխվել եւ բարեկարգվել է քաղաքի տեսքը։
Նշված ծրագրերը շարունակվում են։ «Ջավախավտոգազ» ՍՊԸ-ն իրականացնում է փոսերի վերացման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետի տարածած հաղորդագրության մեջ:

«ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»

Նոյեմբերի 16-19-ը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու հրավերով, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եռօրյա այցով գտնվում էր Վրաստանում:

Այցի առաջին օրը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ խորհրդարանում կայացած առանձնազրույցից հետո, անցկացվեց ընդլայնված կազմով հանդիպում:

Հանդիպմանը Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Տիգրան Սեյրանյանը:

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
1,5 ՄԻԼԻԱՐԴՈՎ ԵՎ ԿԿԱԶՄԻ 23,1 ՄԻԼԻԱՐԴ ԼԱՐԻ

Ինչպես նշեց ֆինանսների նախարարը, ընդհանուր բյուջեի 26 տոկոսը, 6,1 միլիարդ լարին ծրագրվում է օգտագործել ենթակառույցային նախագծերի իրականացման եւ տնտեսական աճի խրախուսման համար։ Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծի, պետբյուջեի 11 տոկոսը, 2,6 միլիարդ լարին կծախսվի կրթության եւ գիտության ոլորտների ֆինանսավորման նպատակով։
Ներկայացնելով պետբյուջեի 2023 թվականի նախագիծը, Լաշա Խուցիշվիլին հատուկ նշեց, որ առանձնակի ուշադրություն է հատկացվել պաշտպանության եւ անվտանգության հարցին, ըստ նախագծի՝ պետբյուջեի մոտ 11 տոկոսը, 2,5 միլիարդ լարին կհատկացվի պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ֆինանսավորմանը։