Վրաստան վերադառնալն իմ մեծ ցանկությունն է և դրա համար պատրաստ եմ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ 2018 թվականին իր Վրաստան վերադառնալու վերաբերյալ ընդդիմությունում տարակարծություններ են եղել: Այս մասին այսօր Ուկրաինայում բնակվող նախկին նախագահը հայտարարել է Վրաստանի «Պառլամենտ» բարից տեսակապով իր աջակիցների հետ զրույցում:

«Ես ընդհանրապես «արգելակներ» չունեմ, սա հաստատել եմ երկու անգամ Ուկրաինա վերադառնալով: Իհարկե, Վրաստան վերադառնալն իմ մեծ ծրագիրն է: Ինչի՞ չեմ արել դա մինչ օրս: Քանի որ սա կհանգեցներ շատ բաների՝ արյունահեղության, այդ թվում Ռուսաստանի տարբեր գործողությունների, ներքին խառնաշփոթի, այդ թվում ընդդիմության ներսում, քանի որ 2018 թվականին իմ վերադարձի հարցով համաձայնություն չկար»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Վրաստան վերադառնալը նրա մեծ ցանկությունն է և դրա համար պատրաստ է:

Հարկ է նշել, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքելուց հետո ժամանակ առ ժամանակ երկիր վերադառնալու հայտարարություններ է անում:

 «Պառլամենտ» բարում տեղի ունեցած տեսակապով զրույցը: Լուսանկարը Maiko Javakhishvili ֆեյսբուքյան էջից: