Վրաստանը կմասնակցի Երևանում անցկացվելիք Եվրանեսթ ԽՎ-ի նիստերին

Վրաստանի խորհրդարանի ​​պատվիրակությունը փետրվարի 21-22-ը կմասնակցի Երևանում անցկացվելիք Եվրանեսթ (Euronest Parliamentary Assembly) խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին:

Եվրանեսթի նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների և Եվրախորհրդարանի պատգամավորները:

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Լևան Կարումիձեն, Խատիա Ցիլոսանին եւ Մարիամ Լաշխին, կմասնակցի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Մակա Բոճորիշվիլիի գլխավորությամբ։

«Վեհաժողովը նպաստում է Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների միջև քաղաքական կապերի զարգացմանը և նրա տնտեսական ինտեգրմանը Եվրամիությանը»,- ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։

Խորհրդարանական վեհաժողովի ​​հանձնաժողովների նիստերը կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: