Կորոնավիրուսը Վրաստանում. արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում

Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվում է կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճ: Եթե 1 շաբաթ առաջ վարակի դեպքերը չէին գերազանցում 3-ը, վերջին օրերին երկրում սահմանափակումների վերացմանը զուգահեռ նկատվում է դեպքերի աճ:

Մայիսի 29-ից Վրաստանի քաղաքներում վերականգնվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Կառավարության որոշմամբ, բոլոր երեք տեսակի տրանսպորտում՝ մետրոյում, ավտոբուսում և երթուղային տաքսիներում դիմակ կրելը պարտադիր դարձավ:

Այսօրվանից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:

Եթե համեմատենք սահմանափակումների վերացումն ու վարակվածների դեպքերը կստանանք հետևյալ պատկերը.

  • Մայիսի 29 — 8 նոր դեպք,
  • Մայիսի 30 — 11 նոր դեպք,
  • Մայիսի 31 — 26 դեպք,
  • Հունիսի 1 — 11 նոր դեպք

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սահմանափակումների վերացման ժամանակ դեպքերի ավելացումը սպասվում էր, սակայն նրա խոսքով խուճապի պատճառ չկա, քանի որ համաճարակային իրավիճակը վերահսկվում է:

Մասնագետները քաղաքացիներին կրկին կոչ են անում դիմակ կրել, պահպանել հիգիենայի նորմերն ու սոցիալական հեռավորությունը:
Հունիսի 1-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակի 794 դեպք է գրանցվել, որտեղից ապաքինվել է 624-ը, մահացել՝ 12 մարդ: