Վրաստանը կստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ․ նախագահ

Եվրախորհրդարանում ելույթից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամփոփել է իր աշխատանքային այցը Բրյուսել։ Նա ասել է, որ լավատեսորեն է տրամադրված Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։

Բացի այդ, նախագահի խոսքով, Վրաստան են պատրաստվում ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Բրյուսելում ունեցած իմ հանդիպումները լավատեսության հույս են տալիս։ Սա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ ճիշտ է, անելիք չկա։ Մենք շատ լավ գիտենք մեր անելիքները, այս ճանապարհին ամեն մեկն իր տեղն ու նպատակակետն ունի։ Եթե յուրաքանչյուրն անի այն, ինչ անհրաժեշտ է, շատ մեծ հավանականություն կա, որ մեզ կտան ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը»,- ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ նախագահ Զուրաբիշվիլին աշխատանքային այցով Բրյուսելում է։ 13 տարվա ընդմիջումից հետո Վրաստանի նախագահն առաջին անգամ ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։