Վրաստանը պարտվել է ռուսական Ինտեր-ՌԱՕ-ի հետ վեճում

Վրաստանի կառավարությունը պարտվել է ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերության հետ արբիտրաժային վեճում՝ պարտավորվելով 76 միլիոն դոլար վճարել։

Ընկերությունը արբիտրաժային վեճ է սկսել Վրաստանի կառավարության դեմ 2017 թվականին։ Բողոքը ներկայացվել է «Ինտեր-ՌԱՕ»-ի հոլանդական երկու դուստր ձեռնարկությունների՝ GARDABANI HOLDINGS B.V.-ի և SILK ROAD HOLDINGS B.V.-ի անունից:

Ընկերությունը ցանկանում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը և 2014 թվականին սակագները որոշելիս պահանջում էր «փոխհատուցել լարիի արժեզրկման հետևանքով առաջացած վնասը»։

Վրաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ «Վրաստանի կառավարությունը սահմանել է սակագներ՝ համաձայն պետության և Վրաստանի քաղաքացիների շահերի, որպեսզի 2014 թվականից մեր քաղաքացիները վճարեն ավելի ցածր սակագներ, քան ընկերությունը պահանջել է»։

Նշենք, որ «Ինտեր-ՌԱՕ»-ին է պատկանում Վրաստանում գործող «Թելաս» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը։