Տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը՝ Ղարիբաշվիլի-Պապիկյան հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Զրուցակիցները ընդգծել են, որ Վրաստանն ու Հայաստանը պաշտպանության ոլորտում բազմամյա փորձ ունեն, որը ներառում է տարբեր ձևաչափով գործունեություն։

Ընդգծվել է, որ այցի ընթացքում ստորագրված 2022 թվականի երկկողմ համագործակցության հուշագիրը ծառայելու է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։

«Քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հարցերը։ Նշվել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը համաշխարհային անվտանգային միջավայրի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

Քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը նախատեսում է երեք երկրների միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ոլորտներում համագործակցություն»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ Վրաստանը մշտապես հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության օգտին և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։

Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։