Վրաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ «Տրանսկասպյան տրանսպորտային միջանցք — Վրաստանի հասանելիության և տրանսպորտի բարելավման նախագիծ» թեմայով, որը նախատեսում է Վրաստանին հատկացնել 372 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ նշված գումարը կազմում է այն նախագծի մի մասը, որի ընդհանուր արժեքը մոտավորապես 751 միլիոն ԱՄՆ դոլար է։ Սա ներառում է 372 միլիոն ԱՄՆ դոլար Համաշխարհային բանկի խմբից, և զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Ասիական զարգացման բանկից (ADB)՝ 175 միլիոն ԱՄՆ դոլար, ու Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկից (AIIB)՝ 182 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում ստանալու ուղղությամբ։
«Նախագիծը նախատեսում է էլեկտրական երկաթուղային լոկոմոտիվների ձեռքբերում «Վրացական երկաթուղու» համար՝ երկաթուղային թողունակությունը մեծացնելու նպատակով, էլեկտրական ենթակայանների կառուցում, «Վրացական երկաթուղու» ինստիտուցիոնալ ուժեղացում, նաև ավտոմոբիլային ճանապարհների հատվածների կառուցում Բադիաուրիից Չալաուբանի և Չալաուբանիից Բակուրցիխե և ավտոմոբիլային ճանապարհի հատվածի կառուցում Գուրջաանիից Թելավի։ Նշվածը ներառում է, ի թիվս այլոց, տրանսպորտային հանգույցներ, էստակադներ, կամուրջներ, նաև ճանապարհային անվտանգության միջոցառումների իրականացում և ճանապարհային սեկտորի ինստիտուցիոնալ ուժեղացում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ստորագրման արարողությանը վրացական կողմից ներկա են եղել ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, ֆինանսների նախարարի տեղակալ Էկատերինե Գունցաձեն, ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին, «Վրացական երկաթուղի»-ի գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն, Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Լևան Դարախվելիձեն և նախագահի տեղակալ Սալոմե Ծուրծումիան։
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը։