Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը փոխվում է

Վրաստանի կողմից կանոնավոր չվերթների վերականգնման հետ միասին փոխվում է նաև Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը: 

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի PCR թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը և թողնել ինքնամեկուսացումը:

Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն՝ արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի դեպքում անձը պարտավոր էր 8 օր մնալ ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, Վրաստանը ներս կթողնի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անցած կլինեն  COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը:

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR  թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել: