Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակն արձագանքել է քաղաքացիների նկատմամբ խտրականության փաստերին

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` գրասենյակը ստացել է շուրջ 30 ծանուցում, որոնք հայտնում են տարբեր ապրանքներից ու ծառայություններից օգտվելու Վրաստանի քաղաքացիների հնարավորությունների սահմանափակման փաստերի մասին․

«Հատկապես խնդրահարույց էր այն դեպքը, երբ, իբր, Բաթումիում բնակարանի վաճառքի մասին ռուսերեն հրապարակված հայտարարության մեջ անշարժ գույքի գործակալը նշել է, որ բնակարանը չի վաճառվի վրացիներին»։

Ըստ հաղորդագրության` Վրաստանի հանրային պաշտպանը հիշեցնում է բոլոր հաստատություններին, կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, որ հավասար վերաբերմունքի սկզբունքը գործում է հանրությանը հասանելի ապրանքներից և ծառայություններից, դրանց թվում՝ բնակարաններից օգտվելու համար։

«Վրաստանի օրենսդրությունն արգելում է քաղաքացիության, ազգության կամ այլ հիմքերով խտրականությունը բոլոր ոլորտներում։ Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է անում անշարժ գույքի գործակալներին և ծառայություններ մատուցող այլ անձանց կամ կազմակերպություններին` զերծ մնալ ցանկացած տեսակի խտրական վերաբերմունքից և իրենց գործունեությունն իրականացնել հավասարության սկզբունքով», — ասված է հաղորդագրության մեջ։