Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան, Չինաստանը և Ռուսաստանը

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3,8 միլիարդ դոլար, ընդ որում տասը խոշորագույն առևտրային գործընկերների մասնաբաժինը կազմում է 68,4 տոկոս։

Այս ժամանակահատվածում Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են եղել Թուրքիան՝ 562,4 միլիոն դոլար, Չինաստանը՝ 461,9 միլիոն դոլար և Ռուսաստանը՝ 383,3 միլիոն դոլար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Վրաստան-Չինաստան ապրանքաշրջանառությունը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 57,7 տոկոսով և կազմել 461,9 մլն դոլար։

Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում երկրների արտահանման ու ներմուծման ընդհանուր թիվը գերազանցում է վերջին 5 տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։

Վրաստան-Չինաստան առևտրի արտահանումն այս տարվա առաջին եռամսյակում զգալիորեն աճել է՝ 100,9 տոկոսով։ Չինաստան ապրանք արտահանելով՝ Վրաստանն այս ընթացքում վաստակել է 220 մլն դոլար։

Ներմուծումը նույնպես աճել է 2022 թվականի առաջին եռամսյակում, թեև արտահանման նկատմամբ աճը փոքր է եղել։

Երեք ամսում տարբեր ապրանքներ ձեռք բերելու համար՝ Վրաստանից Չինաստան է փոխանցվել 241,9 մլն դոլար, ինչը 31,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։