Բաթումիում տեղադրվել է Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը

Բաթումիի կենտրոնական՝  Ռուսթավելի փողոցում տեղադրվել է բաթումահայ հայտնի ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի  հուշատախտակը: 

Բոգդան Կիրակոսյանը նախագծել է Բաթումիի ամառային թատրոնը, որ գտնվում է հայտնի բուլվարում, նաև համահեղինակն է կոլոնադաների, որ համարվում են ծովափնյա քաղաքի խորհրդանիշերից: Բոգդան Կիրակոսյանը 24 կարևոր շինությունների հեղինակ է:

«Բաթումահայերը հիշում են, որ  1958 թվականին, երբ հրաման է տրվում՝ քաղաքը բարեկարգելու անվան տակ քանդել հայկական եկեղեցին, Բոգդան Կիրակոսյանը մեծ ներդրում է ունենում եկեղեցու շենքը պահպանելու գործում, սա շատ կարևոր է: Որպես Բաթումիի ինտելեգենցիայի ներկայացուցիչ, որպես հայ նա շատ էր սիրում մեր քաղաքը»,-  Ալիքի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Բոգդան Կիրակոսյանի ընկերները, գործընկերները, հարազատները կիսվեցին նրա հետ կապված հիշողություններով։ Ներկա ճարտարապետները նշեցին, որ քաղաքի համար կարևոր անուն է Բոգդան Կիրակոսյանը: Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոբախիձեն  ասաց, որ Բոգդան Կիրակոսյանը Բաթումիի հպարտություններից մեկն է:

Ռուսթավելի 7 հասցեում, ուր ապրել է հայտնի ճարտարապետը, հուշատախտակ տեղադրելը  նրա ընտանիքի, համայնքի ու Բաթումիի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, բացմանը ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները, երկու աղջիկները: