Վրաստանի կառավարության վարքագիծը մտահոգիչ է. ՀԿ-ներ

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերություններ (ՀԿ) ստորագրահավաք են սկսել` այդ կերպ արձագանքելով վերջին շրջանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` քաղաքացիական ՀԿ-ների դեմ ԶԼՄ-ների միջոցով հարձակման փաստերին։

ՀԿ-ները նշել են, որ մտահոգիչ են հատկապես իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի և կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունները՝ ՀԿ-ների եկամուտների առնչությամբ։

Ըստ ՀԿ-ների` հայտարարություններում նրանք կասկածի տակ են դրել նաև կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը։

«Նշված մեղադրանքները չունեն իրավական հիմք և վարկաբեկիչ ազդեցություն են ունենում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների վրա, նաև սպառնում են երկրում քաղաքացիական և իրավապաշտպան կազմակերպությունների համար անվտանգ միջավայրի գոյությանը»,- ասված է ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 13-ին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) ՀԿ-ները դարձել են «քաղաքական կուսակցություններ» և չեն կարող ներգրավվել խորհրդարանում:

Անհիմն մեղադրանքների առարկա է դարձել նաև «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Ֆաքտ-չեք» (FactCheck.ge) մեդիա նախագիծը: Սա առաջին դեպքը չէ, երբ պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաները հալածում են քննադատող ​​ՀԿ-ներին` անվանելով նրանց «քաղաքական կուսակցություններ»:։

ՀԿ-ները մտահոգություն են հայտնել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների` անկախ ՀԿ-ների նկատմամբ ձեռնարկած նմանօրինակ հարձակումները.

«Նման հայտարարությունները կարելի է համարել նախաազդանշան և սպառնալիք` երկրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազատ միջավայրի նկատմամբ… Նման վարչակարգերի միտումը ՀԿ-ների, հատկապես իրավապաշտպան և ժողովրդավարացման կազմակերպությունների վրա հարձակումն է, նրանց ֆինանսական շրջանառության վերահսկումը և «օտարերկրյա գործակալներ» հռչակումը: Նման միտում է նկատվում Ռուսաստանում, Ադրբեջանում, Հունգարիայում և այլուր…»:

ՀԿ-ները նշել են, որ Վրաստանի կառավարությունը, համաձայն մի շարք միջազգային պայմանագրերի, պարտավոր է աջակցել երկրում գործող ՀԿ-ներին և նրանց դրական դերին՝ մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության կառուցման գործում:

«Անհրաժեշտ է, որ ՀԿ-ները և քաղաքացիական սեկտորի այլ ներկայացուցիչները մասնակցեն քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացին…»,- ընդգծել են նրանք:

Ստորագրող կազմակերպությունները պահանջում են պետական ​​պաշտոնյաներից`

  • դադարեցնել հարձակումները և ոտնձգությունները ՀԿ-ների նկատմամբ,
  • ամրապնդել քաղաքացիական սեկտորի, այդ թվում՝ նրա կարևորագույն մասի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և նրանց հետ առողջ քննարկում ու երկխոսություն վարել,
  • ապահովել քաղաքացիական ՀԿ-ների և իրավապաշտպանների գործունեության համար անվտանգ և ազատ միջավայրի առկայությունը, որն արտահայտվում է նրանց հանրային աջակցություն հայտնելով, նաև նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների արդյունավետ քննությամբ։

Ստորագրող կազմակերպություններն են.

  1. Թբիլիսիի Մարդու իրավունքների տուն
  2. Մարդու իրավունքների կենտրոն
  3. Մեդիա ինստիտուտ
  4. Ներգրավման և զարգացման կենտրոն
  5. Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS)
  6. Մարդու իրավունքների զարգացման հիմնադրամ
  7. Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հիմնադրամ
  8. Բաց հասարակություն-Վրաստան և այլն:

Նշենք, որ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «Ֆաքտ-չեք» (FactCheck.ge)»-ին և մի շարք հասարակական կազմակերպությունների մեղադրել է քաղաքական կողմնակալության, ապատեղեկատվություն տարածման և ֆինանսական թափանցիկության բացակայության համար: