Վրաստանի քաղաքացիները կարող են հատուկ թույլտվություն ստանալ Հայաստան մեկնելու համար

Վրաստանի քաղաքացիները վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար կարող են դիմել Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարաններ: Գյուղերում ապրող բնակիչները կարող են դիմել համապատասխան գյուղում քաղաքապետի ներկայացուցիչներին և մասնագետներին:

Վրաստանի սահմանը հատելու թույլտվություն կարող են ստանալ ուսանողները, մարդիկ ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ բուժօգնություն (հարկավոր է տեղեկանք բժշկից) և արտագնա աշխատանքի մեկնողները: Հատկանշական է, որ արտագնա աշխատանքի մեկնելու համար թույլտվություն ստանալուց հետո լքելով Վրաստանը՝ անձն իրավունք չի ունենա 2 ամսվա ընթացքում վերադառնալ երկիր:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից աշխատանքը վերսկսել է Նինոծմինդա-Բավրա անցակետը և սահմանի հատման թույլտվություն ունեցող անձինք ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են երկիրը լքել նշված անցակետից:

Նշենք նաև, որ պաշտոնապես Վրաստանի ցամաքային սահմանները փակ են մնում քաղաքացիների համար և Վրաստանի քաղաքացիներն իրավունք չունեն առանց թույլտվության լքել երկիրը: