Վրաստանի քաղաքացիները կարող են օրինականորեն աշխատել ԱՄՆ-ում. դեսպան Ռուդ

Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին ծանոթանալ ԱՄՆ-ում իրենց տրվող օրինական աշխատանքային հնարավորություններին։ Դեսպանն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով Interpressnews հարցին՝ «արդյոք Թբիլիսին Վաշինգտոնի հետ կարող է հասնել այնպիսի պայմանավորվածության, ինչպիսին ունի ԵՄ-ն մի շարք երկրների հետ»։

«Արդեն գոյություն ունեն ճանապարհներ, որոնք թույլ են տալիս վրաստանցիներին օրինական կերպով աշխատել Միացյալ Նահանգներում: Կոչ եմ անում բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ այդ հնարավորություններին»,- հայտարարել է Ռուդը:

Բացի այդ, դեսպանն անդրադարձել է Վրաստանում ԱՄՆ-ի հատուկ  ներկայացուցիչ նշանակելու մասին նախագահ Սալոմե Զուրաբշվիլիի նախաձեռնությանը: Ռուդն ասել է, որ Վրաստանում արդեն կա ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ ի դեմս դեսպանի: