Վրաստանի քաղաքացիներին Իսրայելից տարհանում չի նախատեսվում. ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ այս փուլում Վրաստանի քաղաքացիներին Իսրայելից տարհանում չի նախատեսվում, քանի որ այդ երկրից կանոնավոր թռիչքներ են իրականացվում:

«Կանոնավոր թռիչքներ են իրականացվում, ինչը նպատակահարմար է ճանապարհորդել ցանկացողների համար։ Դեսպանատունը կապի մեջ է այնտեղ գտնվող վրացիների հետ, և նրանց բոլոր կարիքները հոգում են՝ լինի ապաստան, թե այլ բան։ Թռիչքների հետ կապված այլ մանրամասների ծանոթանալու համար խնդրում ենք առաջնորդվել Georgian Airways-ի տարածած հաղորդագրությամբ»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Որոշ մարդիկ քննադատում են վրացական Georgian Airways ավիաընկերությանը։ Ըստ նրանց՝ ավիաընկերությունը զգալիորեն բարձրացրել է Թել Ավիվ-Թբիլիսի չվերթի տոմսի արժեքը՝ 300-ից հասցնելով 3 000 լարիի։

Մի շարք երկրներ սկսել են Իսրայելից տարհանել իրենց քաղաքացիներին երկրում իրավիճակի վատթարացումից հետո։ Ներկայումս գործում են դեպի Թել Ավիվ կոմերցիոն չվերթեր, թեև սահմանափակ թվով և ոչ նախկին հաճախականությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:

Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։