Վրաստանի քաղաքներն ավելի գրավիչ կդառնան

Վրաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 101 մլն եվրոյի վարկ կստանա՝ Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում ենթակառուցվածքները բարելավելու համար։ ԱԶԲ-ի հետ համաձայնագիրը Վրաստանի խորհրդարանը վավերացրել է նախօրեին։

«Վարկի հիմնական նպատակն է մարզային քաղաքները դարձնել ավելի գրավիչ ապրելու համար, խոսքը տեխնիկական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավման մասին է», — ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մինչև 20 մանկապարտեզ, սպորտային համալիրներ և բարելավել զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի, իսկ շրջաններում՝ մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից:

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 84-ը։

Նշենք, որ նախատեսված է ծրագիրն ավարտել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: