Վրաստանի նախագահին համոզել են կեղծիք տարածել․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի CNN-ին տված հարցազրույցին և նշել, որ Վրաստանի նախագահին նույնպես համոզել են կեղծիք տարածել։

Եվրահանձնաժողովի նախագահին տված հարցազրույցում CNN-ի հաղորդավարը մեջբերել է, որ Վրաստանը Ռուսաստան մուտք գործելու ուղի է բռնել: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկությունը։

«Երբ արտասահմանյան ազդեցիկ լրատվամիջոցները վրացական պետության դեմ ուղղված այս մասշտաբի կեղծիք են տարածում, դա առանձին խնդիր է։ Սակայն ավելի մեծ խնդիր է, երբ նույն կեղծիքը տարածում են վրացական արմատական ​​ընդդիմությունն ու լրատվամիջոցները։

Նաև ցավալի է, որ համոզել են նախագահին շրջանառել այս կեղծիքը` պահանջելով մեղադրանքներին «կատեգորիկ եւ փաստերի վրա հիմնված պատասխան տալ»։ Սա իմ կատեգորիկ և փաստերի վրա հիմնված պատասխանն է կեղծ մեղադրանքին, որը վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցմանը»,- ասված է Կոբախիձեի հայտարարության մեջ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե Վրաստանը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ արտահաներ Ռուսաստան, ապա 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանումը անհամաչափ կաճեր։