Վրաստանի ներկայիս ղեկավարները «պրագմատիկ» են. Բժանիա

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով, Վրաստանի ներկայիս ղեկավարները «պրագմատիկ» են։

Ըստ նրա՝ Աբխազիան ցանկանում է նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունենալ «իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Վրաստանի հետ»։

«Եթե հաշվի չառնենք նախագահին, Վրաստանի մնացած ղեկավարները պրագմատիկ են այն առումով, թե ինչպես են իրենց պահում այսօրվա սուր իրավիճակում, և ես չեմ բացառում, որ Ժնևում քննարկումը ինչ-որ բանի կհանգեցնի։

Կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ խաղաղությունը պայման է ինչպես Աբխազիայի, այնպես էլ Վրաստանի զարգացման համար։ Հուսով եմ՝ այդպես է»,- ասել է դե ֆակտո նախագահը:

Նրա խոսքով, եթե վրացական կողմը ճանաչի Աբխազիայի «անկախությունը», ապա իրենք ապագայում կքննարկեն նաև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցերը: