Վրաստանի խորհրդարանական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն

Նախորդ շաբաթ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով :

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ, փոխխոսնակ Գիորգի Կախիանին նույնպես չի բացառել, որ խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի փոխարեն հնարավոր է անցկացվեն դեկտեմբերին կամ հունվարին: Նրա խոսքով՝ սա տեղի կունենա այն դեպքում, եթե համարվի, որ ընտրություններ անցկացնելով վարակի տարածման ռիսկ կառաջանա և  նորից արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կծագի:

«Եթե տեսականորեն ընտրությունները դառնալու են վարակի տարածման պատճառ,  հնարավոր է նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի: Ըստ սահմանադրության՝ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում ընտրություններ անցկացնել: Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հետևաբար տեսականորեն հնարավոր է, որ ընտրությունները տեղափոխվեն դեկտեմբերին կամ հունվարին»,- rustavi 2-ի հետ հարցազրույցում հայտարարել է Կախիանին:

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ՝ իշխանության կողմից ընտրությունների հնարավոր հետաձգման հարցի արծարծումը կուսակցության պլան B-ն է, որը կկիրառվի այն դեպքում, եթե կունենան վարկանիշի խնդիր:

Վաշաձեի խոսքով՝ հենց այս ծրագրի մաս է կազմում այն փաստը, որ իշխանությունը ձգձգում է կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով բնակչության մասսայական թեստավորումը։