Վրաստանն իսպանական արտադրության նոր հակատանկային համակարգեր է ձեռք բերել

Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են իսպանական արտադրության նոր հակատանկային համակարգեր։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

ՊՆ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և պաշտպանության ուժերի ներկայացուցիչները մասնակցել են Կրծանիսիի հրաձգարանում անցկացվող ցուցադրական զորավարժություններին։ Հյուրերը դիտել են իսպանական ընկերության արտադրած մարտական ​​և ուսումնավարժական արտադրանքը և մանրամասն տեղեկություններ ստացել մարտավարական ու տեխնիկական բնութագրերի մասին։ Ցուցադրական կրակոցներից հետո պաշտպանության նախարարն անձամբ է փորձարկել հակատանկային համակարգը։

Նրա խոսքով, նշված զինատեսակների գնումն էլ ավելի կբարձրացնի պաշտպանական ուժերի շարժունակությունը։ Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստման և ռազմական կրթության հրամանատարության, հատուկ գործողությունների ուժերի, արևելյան և արևմտյան հրամանատարության զինծառայողները իսպանացի հրահանգիչների օգնությամբ ավարտել են հակատանկային զենքի հատուկ դասընթաց։

Դասընթացը ներառում էր տեսական և գործնական մաս, որտեղ շրջանավարտներն ուսումնասիրեցին C90 ընտանիքի մեկանգամյա և բազմակի օգտագործման համակարգերի հակատանկային զենքերը։ Անձնակազմի անդամները վերապատրաստվել են որպես հրահանգիչներ, որոնք ապագայում կապահովեն իրենց գիտելիքների և փորձի փոխանակումը պաշտպանության ուժերում:

Ի դեպ, Իսպանիան հակատանկային համակարգերի արտադրության առաջատար երկրներից է։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդյունավետ օգտագործում և ամենաբարձր գնահատականն են տալիս իսպանական հակատանկային համակարգերին։