Վրաստանում ամեն երկրորդ ուսուցիչը 50 տարեկանից մեծ է

Վրաստանում կրթության ոլորտի գլխավոր մարտահրավերներից շարունակում են մնալ ուսուցիչների տարիքային պատկերն ու նոր կադրերի անբավարար ներհոսքը։ Սա նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության հետազոտության մեջ։

Ըստ այդ հրապարակման` 2025-2026 ուսումնական տարում Վրաստանում դասավանդել է 66 հազար 328 ուսուցիչ։ Տարիքային բաշխվածությամբ, հետազոտության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 50 տարեկանից մեծ մանկավարժները կազմել են ուսուցիչների ընդհանուր թվի 55%-ը, այնինչ 2015 թվականին նրանք 44% էին կազմում։

Ավելի կոնկրետ՝ հետազոտության մեջ նշված է, որ 50-ն անց ուսուցիչների թիվը 2025-2026 ուսումնական տարում կազմել է 36 հազար 151։ Սա նշանակում է, որ երկրում փաստացիորեն ամեն երկրորդ ուսուցիչը 50 տարեկանից մեծ է։

2025-2026 ուսումնական տարում ուսուցիչների տարիքային բաշխվածությունը.

  •  60 տարեկան և ավելի՝ 17 հազար 81 մանկավարժ,
  • 51-60 տարեկան՝ 19 հազար 70 մանկավարժ,
  • 41-50 տարեկան՝ 16 հազար 496 մանկավարժ,
  • 31-40 տարեկան՝ 9824 մանկավարժ,
  • 21-30 տարեկան՝ 3857 մանկավարժ։

Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ ոլորտի էական մարտահրավեր է նոր կադրերի պակասը, որի գլխավոր պատճառներից մեկը ցածր վարձատրությունն է։

Ըստ պարզաբանման՝ սա մասնակիորեն պայմանավորված է նաև ուսուցիչների ավելցուկային առաջարկով։ 2025 թվականի տվյալներով՝ Վրաստանում մեկ ուսուցչին միջինում բաժին է ընկնում 9.7 աշակերտ, ինչը ցածր է ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) միջին ցուցանիշից (13.9)։

Հետազոտողների գնահատմամբ՝ հենց ուսուցիչների ավելցուկային քանակն ու մանկավարժների տարիքային կառուցվածքն են սահմանափակում աշխատավարձերի աճի հնարավորությունը, ինչն իր հերթին այս մասնագիտությունը նվազ գրավիչ է դարձնում երիտասարդության աչքերում։

Ինչպես նշված է «Գալթ ընդ Թագարտ»-ի վերլուծության մեջ, խնդրին արձագանքելու նպատակով կառավարությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձերը, սակայն դա ազդեցություն է թողել սեկտորի ֆինանսական ցուցանիշների վրա և կրճատել շահութաբերությունը։

Մասնավորապես, 2024 թվականին կրթության հանրային (պետական) հատվածում միջին աշխատավարձը կազմել է 1158 լարի, իսկ մասնավոր հատվածում՝ 1614 լարի։

 2023 թվականին հանրային հատվածում միջին աշխատավարձը 1009 լարի էր, մասնավորում՝ 1325 լարի,

 2022 թվականին հանրային հատվածում միջին վարձատրությունը կազմում էր 905 լարի, իսկ մասնավոր հատվածում՝ 1127 լարի։

Հետազոտության համաձայն՝ աշխատավարձերի աճին զուգահեռ նվազել է կրթության սեկտորի շահութաբերությունը։ Եթե 2023 թվականին ոլորտի շահութաբերությունը կազմում էր 21.5%, ապա 2024 թվականին այս ցուցանիշն իջել է մինչև 11.7%։