Ղարիբաշվիլին արձագանքել է քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է մայիսի 30-ին Բրատիսլավայում հնչեցրած իր հայտարարությունները, որոնք բուռն քննադատության են արժանացել:

Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության (GLOBSEC) ֆորումում Ղարիբաշվիլին որպես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառ նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը: Վարչապետը նաև նշել է՝ Վրաստանը Ռուսաստանի հետ ունի 600 կմ ուղիղ սահման, մինչդեռ Վրաստանի պաշտոնական սահմանը (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիայի շրջանը) մոտ 898 կմ է։ Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը նկատի է ունեցել Վրաստանից վերահսկվող սահմանը։

«Ընդհանրապես ծիծաղելի է՝ ի՞նչ պետք է մեկնաբանեմ։ Բոլորս էլ լավ գիտենք, որ մեր երկրի վերահսկվող սահմանը հասնում է 600 կիլոմետրի։ Վրաստանից չի վերահսկվում 300 կմ տարածք: Մենք ակտիվորեն աշխատում ենք այս 300 կիլոմետրը հետ բերելու համար»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլին նշել է՝ իր հայտարարությամբ ՆԱՏՕ-ին չի մեղադրել Ուկրաինայում պատերազմ սկսելու մեջ: Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը պարզապես համաձայն է «չհրահրված պատերազմ» ձևակերպման հետ։

«Այսօր Վրաստանի տարածքի մի մասն օկուպացված է, միևնույն ժամանակ երկիրը հայտարարել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու նպատակի մասին։ Այս պահին շատ ցավալի է, որ այդ երկրի վարչապետին (նկատի ունի իրեն, խմբ․) քննադատում են, անլուրջ մեղադրանքներ ներկայացնում։ Սակայն ինձ չեն զարմացնում մեր երկրի ազգային շահերի վնասակար ու դավաճան ուժերը, նրանց վարձած կոռումպացված լոբբիստները։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում․ ես մտածում եմ մեր ժողովրդի, մեր երկրի մասին։

Ցանկացած քննադատություն անընդունելի է, նամանավանդ, երբ դրանք արվում են այն ուժի կողմից, որը չկարողացավ խուսափել պատերազմից (նկատի ունի 2008-ի ռուս-վրացական պետերազմը, խմբ․), տարածքներ կորցրեց, մեր տարածքները հանձնեց ու զիջեց Ռուսաստանին: Դրանից հետո նա (Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը») ռուսական ընկերություններին հանձնեց պետական ​​էներգետիկ ենթակառուցվածքները, միակողմանիորեն առանց վիզայի ռեժիմ սահմանեց և հազարավոր արտոնություններ տվեց։ Ես ոչ մի երկխոսություն չեմ վարի այս ուժի հետ, որը դավաճանել է մեր երկրի շահերը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա անհիմն է անվանել Վրաստանի կառավարության կողմից ՆԱՏՕ-ից հրաժարվելու մեղադրանքները՝ ընդգծելով, որ «Վրացական երազանքի» կառավարությունն է ամեն ինչ արել Հյուսիսատլանտյան դաշինքին և Եվրամիությանը մերձենալու համար։

ՀԿ-ները դատապարտում են վարչապետի հակաարևմտյան հայտարարությունները