«Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացումն Ախմետելիի թատրոնում

Լուսանկարը՝ Yuri Mechitov-ի

Սեպտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կկայանա թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի վերջին` ինքնակենսագրական կինոսցենարի հիման վրա բեմադրված «Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացման պրեմիերան։

Ախմետելիի թատրոնի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ներկայացումը նվիրված է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին։

Ներկայացման ստեղծմանն աջակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։

Տոմսերի ձեռքբերման համար հարկավոր է օգտվել հետևյալ հղման ծառայությունից։

Բեմադրության ռեժիսորը Իրակլի Գոգիան է, նկարիչները՝ Իրենա Օհանջանովան, Գիորգի Կաուլաշվիլին: Դերասանական կազմում են Գիորգի Գասվիանին, Նինո Ցիմակուրիձեն, Էլենե Բեժիաշվիլին, Գիորգի Փիրանիշվիլին, Բորիս Ղլոնտին, Ջորջ Դվալիշվիլին և Անանո Գուլեդանին:

Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանություն» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա իր մահկանացուն կնքեց` չհասցնելով իրականացնել իր բազմաթիվ մտահղացումները: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին: